Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան ողջունում է Կոնվենցիայի նպատակները, մասնավորապես՝

• կանխարգելել երեխաների սեռական շահագործումը և սեռական չարաշահումը ու պայքարել դրա դեմ,

• պաշտպանել սեռական շահագործումից և սեռական չարաշահումից տուժած երեխաների իրավունքները,

• նպաստել ազգային և միջազգային համագործակցության զարգացմանը երեխաների սեռական շահագործման և սեռական չարաշահման դեմ մղվող պայքարում:

Միաժամանակ փաստում, որ ուսումնական ծրագրերում դրա որոշ դրույթների կիրառման վերաբերյալ կան մտահոգություններ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

1. Հատկապես վիճահարույց 6- րդ հոդվածից («Երեխաների կրթությունը») մեջ բերումը ստորեւ կատարում ենք կոնվենցիայի թարգմանության ճշգրտված տարբերակից:

« Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ, ապահովելու համար , որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին»:

Եթե 6- րդ հոդվածում գրված լիներ ` « ... ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց ընկալման, իմացական ու ֆիզիկական զարգացող կարողություններին», կարելի էր հասկանալ, որ զարգացող կարողություններին հարմարեցված լինելը վերաբերում է ոչ միայն ինքնապաշտպանության միջոցների, այլ նաեւ սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկություններին:

Մինչդեռ Լանզարոտի կոնվենցիայի 6- րդ հոդվածի վերը մեջբերված հատվածի առկա շարադրանքի պարագայում, որում նշված չէ երեխայի զարգացող կարողությունների բնույթի վերաբերյալ որեւէ տեղեկություն,  հասկանալի չէ, թե խոսքը զարգացող որ կարողությունների մասին է: Երեխաներին,  6 տարեկանից սկսած, կարող են տրվել սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք հարմարեցված չեն նրանց զարգացող կարողություններին:

2. Հաջորդ մտահոգությունն այն է, որ սեռական շահագործման ու սեռական բռնությունների մասին տեղեկությունները երեխաներին մատուցելիս ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվելու: Որոշ երկրներում կիրառվող «սեռական կրթություն երեխաներին տալու եւ ամեն ինչ մանրակրկիտ բացատրելու (սեռական օրգաններ , սեռական հարաբերություններ, սեռական բռնություն, սեռական շահագործում եւ այլն)   մեթոդաբանությունը անընդունելի է,   քանի որ այն ընդհանրապես չի կարող համապատասխանել 6-12 տարեկան աշակերտների զարգացող կարողություններին:

Անընդունելի է նաեւ այն պատճառով, որ նմանատիպ մոտեցումը կարող է  խաթարել երեխայի հոգեսեռական զարգացումը, վաղաժամ եւ անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով:

Պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ, ընդհանրապես,  6-12 տարեկաններին սեռական դաստիարակություն տալը կարող է արթնացնել սեռական հարաբերությունների նկատմամբ անառողջ հետաքրքրասիրություն և հակառակ ազդեցություն ունենալ` բերելով երեխաների միջև իրար նկատմամբ սեռական բնույթի  ձևախեղված գործողությունների։
Ժամանակից շուտ երեխային սեռական կրթություն տալը կնշանակի՝ խլել նրանից իր մանկությունը, ինչը կարող է խեղել նրա հոգեկան աշխարհը՝ զրկելով նրան կարևոր մարդկային հատկանիշներից` վտանգելով նրա հոգեկան առողջությունը։
Մինչև 12 տարեկան երեխան գիտակցված սեքսուալություն չունի: Այդ տարիքի երեխան դեռևս գտնվում է սեռական հասունացման նախնական, այսպես կոչված՝ լատենտ փուլում (մինչգենիտալային սեռականություն) և սեքսոլոգիական տեսակետից հակացուցված է նրան այնպիսի գիտելիքներ տալը, որոնք նրան արհեստականորեն, ըստ էության՝ բռնի կերպով կտեղափոխեն սեռականության մասին պատկերացումների այնպիսի տիրույթ, որը հակասում է նրա բնականոն հոգեսեռական զարգացման տրամաբանությանը։
Այսինքն՝ մինչև 12 տարեկան երեխաներին տալով սեռականության մասին անպիտան տեղեկատվություն, հնարավոր է  անդարձելի վտանգ հասցվի երեխաների առողջությանը։ Ա­վե­լին՝ նույն դա­սա­րա­նում սո­վո­րող երեխա­նե­րը վե­րոն­շյա­լի ա­ռու­մով տար­բեր կարողություն­ներ ու­նեն, այդ կա­րո­ղու­թյուն­նե­րը և նրանց ընկա­լում­նե­րը շատ անհատական են:

3. Կարևոր հարց է, թե ի՞նչ որակավորում կամ վերապատրաստման ի՞նչ դասընթաց անցած անձիք են դպրոցներում թեման մատուցելու։ Ար­դյո՞ք մենք ու­նենք այդ­քան բարձր որակավոր­ման մաս­նա­գետ­ներ։ Կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծում նշ­ված է նաև, որ «Ծնող­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ տրա­մադր­ված այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը պետք է անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում տր­վեն սեռական բնույ­թի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի ա­ռա­վել լայն համատեքստում…», ին­չը կամայական մոտեցում է ենթադրում և նշա­նա­կում, որ եթե մասնագետ­ը կամ ու­սու­ցիչը անհ­րա­ժեշտ հա­մա­րի, ապա  սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սեռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին տեղեկություննե­րը երե­խա­նե­րին պետք է տր­վեն սե­ռա­կան բնույթի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի ա­ռա­վել լայն հա­մա­տեքս­տում: 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ՝ ՍՀԱ  ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է՝

1. Ծրագրի մշակման նախնական փուլում անպայման ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ մասնագիտական քննարկումներ՝ ընդգրկելով փորձառու մասնագետների (մանկավարժ, սեքսոպաթոլոգ, հոգեբան, հոգեթերապևտ, իրավաբան և այլն)։
2. Գրականության պատրաստման ժամանակ Չ՛ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ, Չ՛ԹԱՐԳՄԱՆԵԼ արտասահմանյան ձեռնարկները։ Փոխարենը  ստեղծել ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկներ համապատասխան մասնագետների մասնակցությամբ՝ հաշվի առնելով տեղայնացման առանձնահատկությունները։
3. Կրթական ծրագրերում խուսափել օգտագործել «Կողմնորոշում» հասկացությունը, քանի որ երեխայի սեռական բռնության կանխարգելման համատեքստում կողմնորոշումը նշանակություն չունի։
4. Արդյունավետ կլինի կրթական ծրագրերը սկսել հենց ծնողական համայնքից ու արդեն գիտակից ու ձեւավորված անձին զինել համապատասխան գիտելիքներով, որպեսզի ծնողը որոշի տրամադրվող տեղեկության ծավալն ու անհրաժեշտությունը:
5. ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ԱՆ-ին եւ ՀՀ Ազգային Ժողովին (նախագահությանն ու Աժ մշտական ​​հանձնաժողովներին) առաջարկում ենք, որ այսուհետ ԱԺ-ի կողմից ընդունվող կամ վավերացվող, օրենք եւ / կամ կոնվենցիա, որը կապ կունենա մարդու սեռական ֆունկցիայի ու սեռական առողջության հետ, ստանա նաեւ Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի փորձագիտական ​​գնահատականը եւ դրանից բխող լրացումներ կամ առաջարկվող համապատասխան փոփոխություններ, տեղայնացման եւ արդյունավետ կիրառման նպատակով: